ArmenianRussianEnglish
ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
  • МФГС«Անկախ պետությունների համագործակցության մշակութային մայրաքաղաք» ծրագիրը մշակվել է ԱՊՀ անդամ-պետությունների Հումանիտար համագործակցության խորհրդի, Մշակութային համագործակցության խորհրդի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի նախաձեռնությամբ: Այս ծրագրի նպատակն է ԱՊՀ անդամ-պետությունների մշակութային ներուժի միավորումը, մշակութային կապերի ընդլայնումը, որն էլ հող կնախապատրաստի տնտեսական համագործակցության, ԱՊՀ երկրների առանձին շրջանների ու քաղաքների զարգացման, միջազգային ասպարեզում Համագործակցության կարգավիճակի բարձրացման համար:

    Նախատեսվում է, որ «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրում մասնակցություն կունենան ԱՊՀ բոլոր երկրները: Ծրագրի դրույթների մասին նախագիծը նախատեսում է, որ Համագործակցության երկրներում հաջորդաբար՝ ըստ ռուսական այբուբենի, կանցկացվեն քաղաքների մրցույթներ «Համագործակցության մշակութային մայրաքաղաքի» կարգավիճակ ստանալու համար, կլինեն նաև նախագծերի մրցույթներ:

    Ակնհայտ է, որ քաղաքների մրցույթում հաղթող կարող են դառնալ այն վարչատարածքային միավորները, որոնք ունեն մշակույթը որպես տնտեսական, սոցիալական և հումանիտար զարգացման ռեսուրս օգտագործելու հստակ ռազմավարություն:

    «Համագործակցության մշակութային մայրաքաղաք» ծրագրի հայեցակարգի մշակման մեջ օգտագործվել է եվրոպական մշակութային մայրաքաղաքների նախագծերի անցկացման փորձը, որը ժամանակին մեծ ազդակ հաղորդեց մի շարք եվրոպական շրջանների զարգացման համար: Հայտնի հույն հասարակական-քաղաքական գործիչ Մելինա Մերկուրին 1980-ականներին հանդես եկավ նախաձեռնությամբ պատերազմներին ու հակամարտություններին հակադրել մշակույթն ու դրա միավորող ներուժը:  Նա առաջարկեց Եվրոպայի միասնական մշակութային մայրաքաղաքի գաղափարը՝ տիտղոս, որը հաջորդաբար փոխանցվում է եվրոպական երկրների մայրաքաղաք չհանդիսացող քաղաքներին: Մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը մեկ տարով հնարավորություն էր տալիս այդ քաղաքին վերածվելու ողջ Եվրոպայի մշակութային կյանքի կիզակետ:

    Ռուսաստանն արդեն իսկ պետական մակարդակով կազմակերպում է նմանատիպ ծրագիր, մասնավորապես 2000 և 2006 թվականներին հաջողությամբ իրագործվեց «Մերձվոլգյան մշակութային մայրաքաղաք» նախագիծը, որը  մշակված էր եվրոպական ծրագրի նմանությամբ, սակայն մեկ առանձին տարածաշրջանի՝ Մերձվոլգյան դաշնային շրջանի սահմաններում:

    Առաջին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» դարձավ բելոռուսական հնամենի Գոմել քաղաքը, երկրորդը դարձավ ռուսական Ուլյանովսկ քաղաքը, որը դարձել էր նաև առաջին Մերձվոլգյան մշակութային մայրաքաղաք, երրորդը՝ Գյումրին է (Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013):