Armenian Russian English
  • Գյումրուն, այո՛, տոներ ենք պարտք. Հացի փառատոն

      «Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաքե ծրագրի շրջանակներում Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնն անցկացնելու է «Հացի փառատոն Գյումրիում», որը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում (Ձիթողցյանների տուն): Հասցե՝ ք. Գյումրի, Հաղթանակի 47:

     Կազմակերպիչները ամեն ինչ արել են, որ Գյումրին և իր բնակիչները պատրաստ լինեն տոնը դարձնելու ԱՊՀ ժողովուրդների տոնախմբություն՝ նկատի ունենալով, որ հացը համամարդկային արժեք է և կարող է դառնալ հանուր մարդկությանը միավորող գործոն:

    Փառատոնը ծառայելու է ազգային ավանդույթների վերականգնման նպատակին, ժողովրդական մշակույթը, ազգային ծեսերն ու տոներն ավելի կազմակերպված դարձնելուն որպես համայնքի  զարգացման գրավական:

     Հացի փառատոնի խորհուրդն է միավորել մարդկանց, սիրտ առ սիրտ տոնը դարձնել հոգեվիճակ, դարձ կատարել դեպի այն արժեքները, որոնք ապրեցնող են և վկայում են մեր ժողովրդի արարող ոգին: Տոնը փառաբանություն է հողի, սերմի ու հատիկի, հասկի ու հողի մշակի:

    Տոնի օրը Շիրակի մարզի գրեթե բոլոր գյուղերում վառվելու են թոնիրներ և եկեղեցիներում հնչելու է «Տեր ողորմյա»:

     Յուրաքանչյուր գյուղական համայնք ունենալու է տոնակատարության պատասխանատու` գյուղապետ կամ համայնքապետ:

    Տոնի ակունքն սկսելու ենք Արևիկ գյուղից, քանի որ այն բարեբանված է ժողովրդին հայտնի Թափադոլակի լավաշով: Հացիկ գյուղում  հացի փառաբանումը լինելու է Թոփառլվա ծակ քարի մոտ: Մայիսյան, Իսահակյան, Շիրակ գյուղերից յուրաքանչյուրում վառվում են յոթ թոնիրներ՝ ներկայացնելով հացաթխման արարողակարգ: Հասկաքաղից հետո գյուղերում  պատրաստվել են հացի մայր կամ հացի դիցուհի, ցորենհասկով փնջեր, ցորենից հյուսված թանթանաներ, որոնք տոնի ընթացքում  նվիրելու են միմյանց:

     Ինչպես համայն հայությունը Սբ Զատկին ձու է խաշում ու նախշազարդում, այնպես էլ Հացի տոնի օրը ամեն հայի օջախում հացարարում պիտի լինի` հաստատելով՚Հացը` լինելության խորհուրդՙ իմաստությունը: Հետայսու տարվա այս օրը  տոնանշվելու է որպես Հացի օր: ՚Ոչ միայն հացիվ, այլ նաև բանիվ Աստծոՙ ապրող հայ ժողովուրդը յուրովի պիտի պատրաստվի այս տոնին: 

    Հացատոնը Գյումրիում սկսվելու է Անդաստանի կարգով. կօրհնվի աշխարհի չորս կողմերը,  որպեսզի  փառաբանվի հատիկից մինչև հաց արարումը: Կարճամփոփ հաղորդումներ կլինեն հացի ստեղծման պատմության, հացարարման մասին ինչպես հայերի, այնպես էլ ԱՊՀ ժողովուրդների սովորութամշակութային կենցաղում:

     Տոնի գագաթնակետը լինելու է թոնրի հիմնարկեքը: Օրը հագեցած կլինի անակնկալներով, որոնք կգաղտնազերծվեն տոնակատարության ընթացքում: Գեղարվեստական ցուցադրումներով, հացարարման իրենց մշակույթով կմասնակցեն բազմաթիվ արվեստագետներ, անհատ ստեղծագործողներ. կցուցադրվեն նաև նկարչուհի Լուսիկ Ագուլեցու Հացի թանգարանի նմուշներից: Կհնչեն հացի ու հողի, գութանի փառաբանման երգեր, հորովելներ: Ժողովրդին կբաժանվի լավաշ հացի մատաղ: Հացի հետ կապված հավատալիքներն ու պաշտամունքային ձևերը կներկայացվեն երգի ու պարի ընդմիջարկումներով, որոնք տոնը կդարձնեն զանգվածային: Առանձնահատուկ հնչեղություն և վերաիմաստավորում կստանան այն արժեքները, որոնց և նվիրված է փառատոնը:

    Նախատեսվել է նաև վավերագրական ֆիլմի պատրաստում հացի փառատոնի մասին:

    Ծրագրի ղեկավար՝ Կարինե Սահակյան, հ.գ.թ., էթնոհոգեբան

    Ծրագրի համադրող՝ Ռոզա Հովհաննիսյան, ՀԳՄ անդամ, բանաստեղծուհի