Armenian Russian English
  • «Մշակույթը և տեղեկատվական տեխնոլոգիաները» կոնֆերանս

    2013թ. սեպտեմբերի 28-29-ին, Գյումրու «Մուշ 2/2» թաղամասում գտնվող նորակառույց «Թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենքում, ՀՀ Մշակույթի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաներին, Համացանցին և Նոր մեդիաներին առնչվող «ԲարՔեմփ Գյումրի» երկրորդ ոչ ֆորմալ կոնֆերանսը:

    Կոնֆերանսն ընթանալու է «Գյումրին՝ 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում՝ «Մշակույթը և տեղեկատվական տեխնոլոգիաները» խորագրի ներքո:

    Սեպտեմբերի 28-ի առավոտյան, ժամը 12:00-ին, լինելու է միջոցառման պաշտոնական բացման արարողությունը, իսկ սեպտ. 29-ին, ժամը 17:00-ին՝ հանդիսավոր փակումը, որոնց հրավիրվում են նախարարության, մարզային ու քաղաքային իշխանությունների, պետական ու մասնավոր կառույցների, հասարակական կազմակերպությունների ու խմբերի ներկայացուցիչներ և անհատներ, ոլորտային մասնագետներ ու գործիչներ:

    Ծրագրի նպատակն է Գյումրիում բարձրացնել էլեկտրոնային հասարակության զարգացման հնարավորությունները:

     

    Ժամանակացույց

    Սեպտեմբերի 28 (առավոտ). Մարզերից մասնակիցների տեղափոխում: Մասնակիցների ժամանում, գրանցում: Օրակարգի (պրեզենտացիաների ցանկի) լրացում մասնակիցների կողմից: Կոնֆերանսի պաշտոնական բացում ժամը 12:00-ին:

    Սեպտեմբերի 28-29. Բուն Կոնֆերանսն իրականացվելու է մի քանի ձևաչափով

    ա) Դահլիճում (ուր տեղի են ունենալու բացման և փակման հանդիսությունները և հրավիրված հիմնական զեկուցողների ելույթները /յուրաքանչյուրը մոտ 1 ժամ/):

    բ) Երկու առանձին լսարաններում (իրականացվելու են մինչև 25 րոպեանոց զուգահեռ ելույթներ):

    գ) Մեկ առանձին լսարանում (նախատեսված է վարպետության դասընթացների և քննարկումների համար):

    դ) Ընդարձակ միջանցքներում (մասնակիցները կոնֆերանսի ողջ ընթացքում հնարավորություն են ունենալու ընդհանուր տարածքներում/միջանցքներում ազատ տեղաշարժվել, շփվել, ծանոթանալ, կիսվել տեսակետներով և գաղափարներով):

    Իրականացվելու են նաև ժամանցային ծրագրեր:

    Սեպտեմբերի 29 (երեկո). 17:00 Կոնֆերանսի պաշտոնական փակում: Մասնակիցների մեկնում: