Armenian Russian English
  • Գյումրիում անցկացվեց «ArtEXPO» միջազգային ցուցահանդեսը և «Ավանդական արհեստների և արվեստների փառատոնը»:

      Սեպտեմբերի 20-ին՝  «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»  ծրագրի շրջանակներում` Գյումրիում  մեկնարկեց ԱՊՀ երկրների «ArtExpo» միջազգային 1-ին փառատոնը և «Արվեստների և արհեստների փառատոնը»:

      «ArtExpo»  ծրագրի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը և Գյումրիի քաղաքապետարանը: Միջոցառման սկիզբն ազդարարվեց Գյումրիի Վարդանանց հրապարակում: Ծրագրին իրենց մասնակցությունն էին ցուցաբերել  ՀՀ  մարզերը, Գյումրին և ԱՊՀ երկրներ (Բելոռուս, Մոլդովա, Տաջիկստան, Ղազախստան, ՌԴ, Ռզբեկստան, Ղրղստան), ինչպես նաև Լիտվան և Լատվիան: Տեղադրված տաղավարների թիվն 70-ից ավել էր: Հրապարակի կենտրոնում տեղադրված հատուկ բեմահարթակում հանդես եկան մի շարք երգիչներ ու պարային խմբեր: «Արտ Էքսպո» միջազգային ցուցահանդեսի նպատակն է ձևավորել միասնական մշակութային հարթակ ԱՊՀ անդամ երկրների միջև, խրախուսել տարածաշրջանային մշակութային բազմազանությունը, ստեղծելու  միջտարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափեր՝  հետագայում ևս համատեղ միջպետական  նախագծերի իրականացման համար:

      «Արվեստների և արհեստների փառատոնի» շրջանակում  Խաչքարների պուրակում՝  Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարող տարածքում,  տեղադրված էին 25 տաղավարներ, որտեղ ցուցադրվում էին տեղացի արհեստավորների, նկարիչների, դարբինների, ոսկերիչների, գորգագործների և քանդակագործների ավանդական աշխատանքները: 

      Փառատոնը կազմակերպել էր  «Արենի Փառատոն» հիմնադրամը` ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակը,  Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի, Գյումրու քաղաքապետարանի,  ՀՀ էկոնոմիկայի, մշակույթի, տարածքային կառավարման նախարարությունների և Հայաստանի համայնքների միության աջակցությամբ:

    Փառատոնի նպատակն է ներկայացնել Գյումրիի պատմամշակութային արժեքներն և ավանդույթները՝ նպաստելով  զբոսաշրջության զարգացմանը:

      Երկու միջոցառումներին էլ ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մի շարք պաշտոնյաներ Գյումրիից և Երևանից, դեսպաններ և միջազգային կազմակերպությունների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ: