Armenian Russian English
  • Սիանի պատվիրակության այցը Գյումրի

    Հունիսի 7-ին Գյումրի ժամանեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանքսի նահանգի կենտրոնը հանդիսացող Սիան քաղաքի պատվիրակությունը: Գյումրի և Սիան քաղաքների միջև ստորագրվեց տարբեր ոլորտներին առնչվող համագործակցության համաձայնագիր, որը մեծ դաշտ է բացում երկու քաղաքների ու երկու ժողովուրդների միջև հետագա բարեկամական հարաբերությունների սերտացման համար: Հյուրերը ծանոթացան Գյումրու բազմադարյա պատմությանը, մշակութային ձեռքբերումներին, ինչպես նաև հետագա ձեռնարկատիրական ներուժին: Սա կարող է մեծ խթան հանդիսանալ երկու հնամենի ժողովուրդների մշակութային համագործակցության վերածնման համար: Այս այցը բացառիկ էր նրանով, որ Գյումրին առաջին անգամ գործընկերային հարաբերություններ է հաստատում մեր քաղաքի բնակչությանը 60 անգամ գերազանցող համայնքի հետ: Մինչև օրս ոչ միայն Գյումրին, այլև մայրաքաղաք Երևանը հիմնականում համագործակցություն է հաստատել ԱՊՀ տարածաշրջանի, Արևմուտքի քաղաքների հետ: Հաշվի առնելով ժամանակակից գլոբալիզացիոն գործընթացներն ու համաշխարհային քաղաքականության մեջ Չինաստանի աճող դերն ու նշանակությունը՝ Գյումրին առաջին քայլն է իրականացնում արտաքին կապերի դաշտում զարգացման նոր ուղղության հարթման համար: Հայաստանի համար չափազանց ցանկալի կլինի ներգրավվածությունը` Եվրոպան Չինաստանին կապող «Մետաքսի նոր ճանապարհի» նախագծին: