Armenian Russian English
  • ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ

    ST. ALL SAVIORSՍուրբ Ամենափրկիչը կառուցվել է 1858-1872 թվականների ընթացքում, օծվել է 1873 թվականին: 1850-ականներին Ալեքսանդրապոլի ձևավորվող կենտրոնում արդեն կառուցվել և գործում էին հայ կաթոլիկների և հունական Սուրբ Գևորգ եկեղեցիները և Ալեքսանդրապոլի հայ առաքելական եկեղեցու հավատավոր բնակչության վիրավորված ինքնասիրությանը հագուրդ տալու համար, որոշվում է եկեղեցին կառուցել հիշյալ եկեղեցիների մեջտեղում այնպիսի չափերով, որ նա ստվերում թողներ գոյություն ունեցող երկու եկեղեցիները:

    Ականատեսները պատմել են, որ եկեղեցու կառուցման օրը վերածվել է ժողովրդական տոնախմբության: Կանայք և աղջիկները գոգնոցներով են տեղափոխել հիմնահողը:

    Եկեղեցու շինարարական աշխատանքները ղեկավարել է հայտնի քարտաշ-որմնադիր, վարպետաց վարպետ ուստաբշի Թադևոս Անտիկյանը:

    Եկեղեցու հատակագիծը նման է Անիի Մայր տաճարին, սակայն նրա բացարձակ կրկնօրինակը չէ: Սուրբ Ամենափրկիչը չափերով ավելի մեծ է, բարձր, հարուստ զարդաքանդակներով: Ըստ ավանդության Անտիկյան Թադևոսը հաճախ գնացել է Անի, ուսումնասիրել Մեծն Տրդատի կերտած հոյակապ Մայր տաճարը՝ վերադառնալով շարունակել Սուրբ Ամենափրկիչի կառուցումը:

    Շինարարությունն իրականացվել է քաղաքի ողջ բնակիչների հանգանակած գումարներով: Ժամանակակիցների վկայությամբ քաղաքի բոլոր բնակիչների հավաքած գումարների չափով եկեղեցու շինարարությունը նվիրել է հայտնի բարերար, մեծահարուստ Դրամփյան ընտանիքը:

    Թիֆլիում հրատարկվող«Մշակ» ամսագիրը 1872 թվականի համարներից մեկում գրում է. «Մոտ ժամանակներս կավարտվի քաղաքիս նորաշեն եկեղեցու շինարարությունը, որը տասն և չորս տարի շարունակվում է ու մինչև հիմա 80 հազար մանեթից ավելի ծախք է տրված: Սա իր մեծությամբ և գեղեցկությամբ համարվելու է երևելիների կարգը»:

    1930-ականներին եկեղեցին առգրավվում է պետության կողմից: 1932 թ. զանգակատունը պայթեցվում է, որը վերականգնվում է միայն 1964 թվականին: Եկեղեցին օգտագործվել է նախ որպես թանգարան, ապա՝ դասական երաժշտության համերգասրահ: 1988 թ. երկրաշարժից այն խոնարհվեց, իսկ վերակառուցումը դեռ ընթացքի մեջ է: