Armenian Russian English
  • ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻ

    ST. SIGN CHURCHՄիջնադարյան հայ դասական ճարտարապետական ոճով, կատարելության աստիճանի համամասնական չափերով, սրբատաշ շարվածքով և մեծ վարպետությամբ իրականացված կոթող է: Եկեղեցու հյուսիսային դռան վերևում տեղադրված մարմարյա սալիկի արձանագրությունը հավաստի տեղեկատվություն է հայտնում շինության անվան, կառուցման տարեթվի և այն միջոցների, որով այն իրականացվել է.

    «Առատաբաշխ տրօք պայծառափայլ կնեազ Ղահրամանի Երկայնաբազուկ Արղութեանց և ջերմեռանդ հասարակութեան հայոց քաղաքիս կառուցավ Սուրբ Աստուածածին եկեղեցիս սկսեալ ի 1859 ամի փրկչական և ավարտեալ ի 1864 ամի»:

    Ինչպես փաստում է նշված վիմագրությունը, եկեղեցին, հարավային դռան վերևում տեղադրված տիրամոր բարձրավանդակի վրա եղած թվագրությունը գոնե մինչև 1870-ականները կրել է «Սուրբ Աստվածածին» անունը: Հետագայում ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ կառուցվել է ներկայիս «Սուրբ Աստվածածին» («Յոթ վերք») եկեղեցին, իսկ  նախկինը վերանվանվել է «Սուրբ Նշան»:

    Խորհրդային տարիներին՝ 1930-ականներին եկեղեցու՝ որպես պաշտամունքի կառույցի գործունեությունը դադարեցվել է և այն օգտագործվել է որպես պահեստ, պլանետարիում, թատրոն և այլն: 1988 թ. երկրաշարժին եկեղեցու գմբեթը և զանգակատունը խոնարհվեցին, այն վերականգնվել է նախագծային շեղումներով, որի հետևանքով էլ այն մասամբ կորցրել է իր նախկին համաչափությունն ու վեհությունը: