Armenian Russian English
  • ՁԻԹՈՂՑՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆ

    DZETOGHTSENTS HOUSEՏունը կառուցվել է առաջին գիլդայի աստիճան ունեցող վաճառական, հայտնի բարերար Պետրոս Ձիթողցյանի կողմից 1872 թվականին: Շինությունն ունի 1860-70-ականներին Ալեքսանդրապոլում տարածված կարմիր և սև տուֆ քարի սիստեմատիկ համադրություն: Տեղանքի՝ արևելքից արևմուտք իջնող թեք հարթության հանգամանքը իր կնիքն է դրել շենքի ճարտարապետական և ինժեներական հորինվածքի վրա: Հուշարձանի արևելյան մասնաշենքը մեկ հարկանի է, արևմտյանը՝ երկհարկանի: Երկրորդ մասնաշենքի առաջին հարկը թաղակապ է՝ ինքնատիպ կոնստրուկտիվ լուծումներով: Կառույցն ունի երկու՝ ներքին և արտաքին բակեր, վերջինս պարսպապատ է կռածո մետաղական նախշազարդ ճաղերով: Շինությանն առանձին հմայք է հաղորդում կամարակապ դարպասը:

    Սկզբնական շրջանում կառույցը ծառայել է որպես շահութաբեր տուն, իսկ խորհրդային իշխանության հաստատումից հետո տունը ազգայնացվել է և ունեցել է զանազան գործառույթներ՝ հասարակական, բնակելի և այլն: 1984 թ. այստեղ բացվել և մինչև օրս գործում է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը: