ArmenianRussianEnglish
  • Կրթամշակութային քաղաք

    EducationԱլեքսանդրապոլ-Լենինական-Գյումրին ունի հարուստ կրթամշակութային պատմություն: Դեռևս 1840-ականներին այստեղ բացվել է Հոգևոր Վիճակային դպրոց, 1871 թ.՝ Սբ. Աստվածածին եկեղեցուն կից Արղության օրիորդաց վարժարան: Այնուհետև մինչև 20-րդ դ. սկիզբ Խրիմյան, Սահականուշյան, Եվանգուլովայի, Աբաջյանի դպրոցները և Օլգինյան պրոգիմնազիան: 1912 թ. Ալեքսանդրապոլում հիմնվում է Առևտրական ուսումնարանը: Կրթական գործը քաղաքում չի դադարում նույնիսկ 1918 և 1920 թթ. թուրքական զինակալման շրջաններում: Հայաստանի առաջին հանրապետության  Նախարարների խորհրդի 1919 թ. դեկտեմբերի 5-ի որոշմամբ քաղաքում բացվում է Հայաստանի համալսարանը (1920 թ. հունվարի 31-ին):

    Քաղաքում կրթական գործն իր զարգացման գագաթնակետին հասավ խորհրդային իշխանության տարիներին: 1923 թ. բացվեցին Ալեքսանդրապոլի ինդուստրիալ ու գյուղատնտեսական տեխնիկումները, 1924 թ.՝ բանասիրության ֆակուլտետը, իսկ մեկ տարի անց Մանկավարժական ուսումնարանը: Իշխանությունները լուրջ ուշադրություն դարձրեցին նաև արտադպրոցական կրթությանը. 1922 թ. հիմնադրվեց կերպարվեստի թանգարանը, 1923 թ.՝ Պիոներների պալատը, 1924 թ.՝ երաժշտական ստուդիան, 1927 թ.՝ նկարչական ստուդիան, 1931 թ.՝ առաջին մանկապարտեզը: 1984 թ. դրությամբ Լենինականն ուներ 50 դպրոց և 41 մանկապարտեզ: Բարձրագույն կրթության առաջնեկը 1934 թ. բացված մանկավարժական ինստիտուտն էր, որ 1945-ից կրում է Մ. Նալբանդյանի անունը: Հաջորդ տասնամյակների ընթացքում բացվեցին Երևանի ճարտարագիտական (1959) և Տնտեսագիտական (1997) համալսարանների մասնաճյուղերը: Հետխորհրդային շրջանում Գյումրու կրթական և մշակութային մթնոլորտի ձևավորմանը մեծապես նպաստեցին նաև երևանյան արվեստի բուհերի՝ Կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի, Կոմիտասի անվան պետական երաժշտանոցի, Գեղարվեստի ինստիտուտի մասնաճյուղերը, ինչպես նաև «Պրոգրես» ու «Իմաստասեր Անանիա Շիրակացի» ոչ պետական համալսարանները: 

     

  • Գիտական քաղաք

    Scientific

    ՀՀ երկրորդ քաղաքը հայտնի է իր գիտական ներուժով: Դեռևս 19-րդ դ. վերջին, ժամանակի խոշորագույն մտածողներից մեկի՝ Գեորգի Գյուրջիևի կողմից այստեղ ձևավորվեց համաշխարհային կրոնաիմաստասիրական ունիվերսալ ուսմունքներից մեկը՝ «Էզոթերիկ քրիստոնեությունը»: 1917 թ. հունիսից մինչև 1918 թ. մարտ քաղաքում գործեց «Մարդու ներդաշնակ զարգացման» համաշխարհային ինստիտուտը:

    Այսօր Գյումրիում գործող խոշորագույն գիտական հաստատությունը ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտն է (1961), որի բազայի վրա 1976 թ. ստեղծված Հատուկ փորձակոնստրուկտորական տեխնոլոգիական ինստիտուտը սեյսմիկ սարքերի նախագծման և փոքրածավալ արտադրության միակ մասնագիտացված կազմակերպությունն է ՀՀ-ում այսօր: Իսկ ՀՀ ԳԱԱ համակարգի վերջին և ամենաերիտասարդ ներկայացուցիչը քաղաքում Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնն է (1997):

     

     

     

     

  • Գրական-գեղարվեստական քաղաք

    Literature

    Լենինական-Գյումրին հայտնի է իր գրական-գեղարվեստական ավանդույթներով: Այն իր ուրույն դերակատարությունն է ունեցել ազգային գեղարվեստական մտածողության ձևավորման և հարստացման գործում: Տարբեր ժամանակներում այստեղ ծնվել, ապրել կամ գործել են աշուղներ Ջիվանին ու Շերամը, արձակագիրներ Պ. Հայկազունին, Կ. Մատինյանը և Ատրպետը, մանկագիր և առակագիր Աթ. Խնկոյանը, բանաստեղծներ Ավ. Իսահակյանը, Հ. Կոստանյանը, Գ. Աֆրիկյանը, Շ. Կուրղինյանը, Հ. Շիրազը, թատերագիր և բանաստեղծ Լ. Մանվելյանը, վիպագիր Ս. Տեր-Մելիքսեդեկյանը, արվեստաբան-գրականագետ Գ. Լևոնյանը և այլք: 1925 թ. Գ. Մահարու նախաձեռնությամբ  Լենինականում ստեղծվել է առաջին գրական կազմակերպությունը:

     

     

     

     

  • Թատերական քաղաք

    Teatre

     

     

    Գյումրին ունի նաև թատերական հարուստ անցյալ: Առաջին ներկայացումն այստեղ բեմադրվել է դեռևս 1865 թ.՝ ռուսական բանակի սպա Ա. Մելիք-Հայկազյանցի կողմից: 1873 թ. ստեղծվել է երկրորդ թատերախումբը, իսկ 1912 թ. առաջին անգամ բեմադրվել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Ալեքսանդրապոլի թատերական կյանքի նոր շրջափուլը ձևավորվում է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո: 1921 թ. Վ. Միրզոյանի գլխավորությամբ ստեղծվում է Հայ դերասանական խումբը, 1924 թ. օպերա-օպերետային, 1928 թ.՝ երկրորդ պետական, 1933 թ.՝ Պատանի հանդիսատեսի, իսկ 1935 թ.՝ Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնները: 1965 թ. ԽՍՀՄ կառավարության որոշմամբ Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոնը պարգևատրվում է Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով: Թատերական հարուստ ավանդույթները Գյումրիում կանգ չեն առնում նաև այսօր:

     

     

     

  • Երաժշտական քաղաք

    MusicԱլեքսանդրապոլ-Լենինական-Գյումրին երգ-երաժշտության քաղաք է: Սկսած 19-րդ դ. կեսերից նրա աշուղներից շատերը մեծ համբավ էին վայելում Կովկասում: Տարբեր ժամանակներում այստեղ են ստեղծագործել Ջիվանին, Շերամը, Իգիթը, Դվալի Մուկուչը և այլք:

    Երաժշտական տարբեր ավանդույթների համադրումը 20-րդ դ. սկզբին քաղաքում հանգեցրեց մի նոր որակի՝ կոմպոզիտորական  արվեստի ծնունդին: Վերջինիս կարկառուն ներկայացուցիչը եղավ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը: Ալեքսանդրապոլի ազգային պրոֆեսիոնալ երաժշտության նոր բարձրակետ եղավ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի «Անուշը»: Կոմպոզիտորական արվեստի հետագա զարգացումը քաղաքում կայացավ խորհրդային մշակույթի տարիներին: 20-րդ դ. սկզբին այստեղ ստեղծագործեցին Ն. Տիգրանյանը, Դ. Ղազարյանը. Ա. Տեր-Ղևոնդյանը, Ա. Այվազյանը, Մ. Մազմանյանը, Ե. Սահառունին, Վլ. Բալյանը և Ա. Շիշյանը:

    1924 թ. Ն. Տիգրանյանի ու ծնունդով շուշեցի կոմպոզիտոր Դ. Ղազարյանի համատեղ ջանքերով բացվեց երաժշտական ստուդիան: Սկսած 1934 թ. Լենինականում պրոֆեսիոնալ երաժիշտների պատրաստման գործին է ծառայում Քր. Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը: Քաղաքն ունի նաև երաժշտական ութ դպրոց: Մեծանուն կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի աննախադեպ ուխտագնացությունը հնարավորություն տվեց 1988 թ. աղետալի երկրաշարժից ավերված քաղաքում հիմնելու երաժշտական բարձրագույն դպրոց՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնաճյուղը, որն այսօր հյուսիսային Հայաստանի պրոֆեսիոնալ երաժիշտների ձևավորման ու կայացման դարբնոց է: Այսօր Գյումրին հոգևոր վերածնունդի նոր թռիչքի է պատրաստվում, և նրա տնտեսական ու մշակութային կյանքի ճիշտ կազմակերպումն ու հրաշալի ավանդույթների բնականոն զարգացումը շատ կարևոր գրավականներ են քաղաքի նորօրյա դիմանկարի կերտման գործում:

     

    Ալեքսանդրապոլն հայտնի էր իր աշուղական դպրոցով, որի ավանդույթների զարգացման գործում մեծ խթան էր Լենինականի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի ստեղծումը 1986 թվականին: Նվագախումբը արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, շնորհավորանքների ու փառատոնների դափնեկրի կոչումների(Ազովի ժողովրդական ստեղծագործության «Ընկերակցություն» միջազգային փառատոն, «Եղեգան փող» համահայկական փառատոն, Աշուղական արվեստի կովկասյան միջազգային փառատոն և այլն): Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության մեջ ներդրում ունենալու առթիվ նվագախումբը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով, նաև՝ Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալով, Գյումրու քաղաքապետարանի Գյումրու զինանշանով, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների ու կառուցների պատվոգրերով:

  • Հումորի քաղաք

    Humor

    Գյումրու քաղաքային կենցաղում կարևոր տեղ են գրավել զվարճախոսու­թյունները, որոնք հնչել են հանպատրաստից, որպես այս կամ այն երևույթի նկատմամբ վերաբերմունք, որպես տարբեր մարդկանց բնավորության թույլ կամ ուժեղ կողմերի գնա­հատական կամ էլ՝ պարզապես որպես կենսազգացողություն և կենսափիլիսոփայություն: Արհեստավորական, առևտրական, գավառական Ալեքպոլ-Գյումրի- Լենինական իր լոթիներով, ուրույն ավանդույթներով, կենցաղով և հոգեբանությամբ՝ բարբառով, հայրե­նասիրությամբ, կրոնասիրությամբ, լոպպազությամբ, կատակասիրությամբ, սրամտու­թյամբ, հումորով, մարդուն ձեռ առնելու ունակությամբ, լազաթին քեֆերով, հակումով դեպի թևավոր խոսքերը, անլեգալ դարձվածքներով և հայհոյանքով այն անփոխարինելի քաղաքային միջավայրն էր, որը ծնունդ և սնունդ է տալիս զվարճախոսություններին: Օրինակ՝ գյումրեցի տղամարդիկ հպարտությամբ նշել են, որ «իրանց խմած ջուրը որձ է»: Այսպիսի սուր մտքեր գյումրեցիները շաղ են տվել որպես թանկարժեք գոհարներ՝ անսալով անսպառ երևակայությանը: Ահա դրանցից մի քանիսը. «Լացն ու խնդումը պոյեզի գծերի պես միշտ իրար կողքի կերթան», «Կնիկը պլաստինկա է, որ թարաֆը գուզես՝ դի ու չալե՜ …», «Ըմբես լավութուն էրա, որ շապիկդ չիմանա», «Թամայ էրեցին մալին, աղջկան տվին հայվանին» և այլն:

    Գյումրու բանարվեստը տվել է տեղական և համահայկական նշանակության մի շարք զվարճախոսներ, որոնց մասին գրառված նյութերը ստվարաթիվ են և կան գրեթե բոլոր բանահավաքների հավաքածուներում: Ամենանշանավոր գյումրեցին եւ զվարճախոսությունների համահայկական հերոսը՝ Պոլոզ Մուկուչը (Մկրտիչ Ղազարի Մելքոնյան), որպես մագնիս քաշեց դեպի ինքը ժողովրդի ստեղծագործությունները: Ահա մի դրվագ նրա դիտարկումներից. «Պառավոզն օր բղով էրթա, Գյումրվա բաղնիքներն հմի Լոնդոն էին հասել»: Պոլոզ Մուկուչի մտերիմներից էին Ծիտրո Ալեքը, Նալն Կարոն, Սաբի Կարոն: Լենինականում իրենց զվարճախոսություններով հայտնի էին Ջղեր Խաչիկն ու Կուժիկը:

     

    ***

     

    Մի օր Պոլոզին հարցնում են.

     

    - Ի՞նչ է մտնում բոստանաբանջարանոցային կուլտուրաների մեջ:

     

    Պոլոզը պատասխանում է.

     

    - Դե՜, եթե բոստընի բոլորքը չափար չեղավ, էշն էլ կմտնի:

     

    ***

     

    Ծիտրո Ալեքը հարցնում է Պոլոզ Մուկուչին.

     

    - Ծո՛ Մուկուչ, էդ դու՞ ես տարածել, օր ես ախմախ եմ:

     

    - Չէ՛, Ծիտրո՛ ջան, ի՞նչ կխոսիս, ես իմ ու քո գաղտնիքը ուրիշի չեմ ըսե:

     

    ***

     

    Հարց Պոլոզին.

     

    - Պոլո՛զ, խաշ սիրու՞մ ես:

     

    - Ո՞ր գյումրեցին չի սիրե:

     

    - Խաշի հատկապես ի՞նչն ես սիրում, ջու՞րը, թե՞ միսը;

     

    - Խաշի արաղը:

     

    ***

     

    Մի ռուս հարցնում է Պոլոզին.

     

    - Ի՞նչ ազգ ես:

     

    - Գյումրեցի:

     

    - Ինչքան գիտեմ, այդպիսի ազգ չկա:

     

    - Կա, դրու՛գ ջան, կա: Կա հերիք չէ, էն էլ զնակ կաչեստվայով: