ArmenianRussianEnglish
  • ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

    Ալեքսանդրապոլի ամենօրյա կերակրատեսակները շատ բազմազան էին` տարբեր տեսակի շիլաները, փլավներն ու ապուրները, որոնք կոչվում էին բաղկացուցիչ հիմնական մասի անունով` ոսպով փլավ, բլղուրով փլավ, բրնձով փլավ, չորթանով փլավ, չրով թիրիթ, շաղգամով յայնի, կորկոտապուր, պոչով ապուր, թանով ապուր, հառլապուր և այլն:

    Blghurov phlav Thanov apurVospov phlav

    Առանձին խումբ են կազմում պասուց կերակուրները: Տապակած սիբեխի զոխը պասի օրերի ամենաընդունված կերակուրն էր. 4-5 զոխը թաթախում էին ալյուրի խյուսի մեջ, ապա տապակում ձեթով՝ ուժեղ կրակի վրա այնպես, որ երկու կողմերն էլ լավ կարմրեն: Այս կերակուրը գյումրեցիների մեջ հայտնի էր «պասուց ձուկ» անունով: Ծննդյան և Զատկի թաթախմանը բրնձով փլավի հետ անպայման տապակում էին կանաչ լոբի՝ վրան պաստեղով ձվածեղ: Ալեքսանդրապոլում, ի տարբերություն գյուղացիների, պասին ձավարով դոլմայից բացի պատրաստում էին բրնձով դոլմա. սոխառածի հետ խառնում էին բրինձ, քիշմիշ, ծիրանի քաղցր չիր, լավ խառնելուց հետո փաթաթում թթու կաղամբի թերթերով, շարում պուտուկի մեջ, կրկնակի ծավալով ջուր լցնում և դնում բոցն անցած թոնրի մեջ: Պասուց կերակուրներ էին պոչով ապուրը (եփվում էր Մեծ պասի երկուշաբթի օրը, որը ուտելու համար հրավիրում էին մոտ հարազատներին), ավելուկով ու թելուկով աղցանները, խաշած կարտոֆիլը, կարմիր լոբին, բակլան, սիսեռը, որոնք մատուցում էին աղով, պղպեղով ու ծեթրոնով (ծիտրոն) համեմված:

    Qare qyuftaPasuc tolma

    Տոնական օրերին ալեքպոլցու հարգի կերակրատեսակներից էին թաթար բորակին, դոլման, սաթրի քյուֆթան, քարի քյուֆթան, ղազան խորովածը, թավա քիֆթասին, չանաղը, թավան, քյալլան և այլք: Վերջին երեքը փռում էին պատրաստում և արհեստավորների շրջանում հարգի կերակուրներ էին: Ալեքսանդրապոլի տանտիկինները փռում էին եփել տալիս գաթան, փախլավան, շաքարլոխումին, սհանչորակին (բիսկվիթ): Փռում պատրաստվում ու տաք վիճակում վաճառվում էր գյումրվա յաղլին` արդար յուղով պատրաստված ու երեսին շաքարի փոշի ցանած խմորաթերթիկը: Վաճառքի համար թխում էին նաև սպիտակ ալյուրով:

    Phaxlava

    Ծիսական կերակուրներն էին` Ամանորի պասուց դոլման, կաղանդի գաթան (տարեհացը), տարբեր պատկերներով կարկանդակները, Ծննդյան տոնի հարիսան, Տերնդեզի խեձախը (աղանձ), սբ. Սարգսի փոխինդով խաշիլն ու կարկանդակները, Զատկի ջեյեզով փլավը, սբ. Խաչի քյաշքյան, Համբարձման կաթնապուրը, մատաղը, հոգեհացի խաշլաման, ատմահատիկը և այլն: Գյումրվա քաղաքային կերակուրները տարբերվում էին որոշակի նրբաքիմք առանձնահատկություններով ու քաղցր ուտելիքների առատությամբ: Այդպիսիք էին քիշմիշով սոուսը, դդմով, քիշմիշով, մեղրով (կամ շաքարով) ճաշը, տապակած ծիրանի չիրը, ջեյեզով փլավը (քիշմիշով, ծիրանի, սև սալորի չրերով ու նշով), չորացրած սպիտակ թթով ձվածեղը, խուրմով ձվածեղը, պաստեղով ձվածեղը, ղայմաղը (մեղրուսեր), հասութան, զուրբիան: Խաղողի թփով դոլման նույնիսկ կերել են շաքարի փոշով ու դարչինով:

    GataTapakac chir

    Ինչպես ամենօրյա, այնպես էլ տոնածիսական հացկերույթի պարտադիր մասն էր կազմում խմիչքը: Ամանորի սիրված ըմպելիքը չրի կոմպոտն էր, որը մինչ օրս պահպանվել է գյումրեցիների կենցաղում: Ալեքսանդրապոլցի տղամարդկանց սիրած ալկոհոլային խմիչքը օղիներն (րախի) էին, որոնցից առավել տարածված էին Ջավախքից բերված «հացի րախին» և Արարատյան դաշտից ներմուծվող թրմօղիները` «խուժան արաղ», առանց որի սեղան չէին նստում, ընդ որում, դրանք օգտագործվում էին ոչ միայն տանը, այլև դրսում:

    19-րդ դ. կեսերից լայն տարածում ստացավ գարեջուրը և շատ շուտով այն իր հատուկ տեղը գրավեց ալեքպոլցի տղամարդկանց սննդակարգում: Քաղաքում մեծ թիվ էին կազմում պանդոկները, գինետները (միկիտան) և գարեջրատներն ու կրպակները, որտեղ արհեստավորները` աշխատանքից հետո կամ ընդմիջմանը և տարբեր գործերով քաղաք եկած հյուրերը, մի կտոր հաց էին ուտում, որը ուղեկցվում էր թունդ խմիչքների տարբեր չափաբաժիններով: Գինին այնքան էլ տարածված չէր, չնայած այն ևս դրվում էր սեղանին տարբեր տոների կամ ծիսական արարողությունների ժամանակ:

    Քաղաքային կենցաղում լայնորեն տարածված էին սուրճը (սև սուրճին զուգահեռ օգտագործում էին բոված-աղացած գարուց պատրաստված ըմպելիքը` «ղայֆան») և թեյը, որոնցով հյուրասիրում հյուրերին ընտանեկան տոների ու արարողությունների ժամանակ: Տղամարդիկ սիրում էին սուրճ խմել նաև սրճարաններում (ղայֆախանա) և համքարական ակումբներում (կլուբներ), որտեղ զրուցում էին քաղաքականությունից, քաղաքի անցուդարձից, գործարքներ էին կնքվում, կամ, որն ավելի ընդունված էր` ունկնդրում էին հայտնի աշուղների երգերը: