ArmenianRussianEnglish
  • ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

     

    ԶԻՆԱՆՇԱՆԸ ԴՐՈՇԸ
    coat flag

    Հիմնադրումը - 1991 թ. դեկտեմբերի 8-ին Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից ստորագրվեց Համաձայնագիր Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ-ի) ստեղծման մասին: 1991 թ. դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում ստորագրվեց Համաձայնագրի լրացուցիչ արձանագրություն, որով Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, Ադրբեջանը կազմեցին Անկախ պետությունների համագործակցությունը: 1993 թ. հունվարի 22-ին ԱՊՀ անդամ պետությունները, բացառությամբ Ուկրաինայի, ընդունեցին ԱՊՀ կանոնադրությունը:

     

    Համագործակցության հիմնական նպատակներն են.

    • փոխգործակցության իրականացումը քաղաքական, տնտեսական, բնապահպանական, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
    • անդամ պետությունների բազմակողմանի և հավասարակշռված տնտեսական ու սոցիալական զարգացումը ընդհանուր տնտեսական տարածության շրջանակներում, ինչպես նաև միջպետական համագործակցությունը և ինտեգրումը,
    • մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ապահովումը միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների և նորմերի, ինչպես նաև ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն,
    • անդամ պետությունների միջև համագործակցությունը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում, սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատմանն ուղղված ազդեցիկ գործողությունների իրականացումը, միջուկային և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի վերացումը, ինչպես նաև համընդհանուր և ամբողջական զինաթափման հասնելը,
    • աջակցությունը անդամ պետությունների քաղաքացիների տեղաշարժմանը և ազատ շփմանը ԱՊՀ-ում,
    • փոխադարձ իրավական օժանդակումը և համագործակցությունը իրավահարաբերությունների այլ ոլորտներում,
    • ԱՊՀ մասնակից պետությունների միջև վեճերի և կոնֆլիկտների խաղաղ կարգավորումը:

     

    ԱՊՀ կառուցվածքային մարմիններին են.

    • Պետությունների ղեկավարների խորհուրդը,
    • Կառավարությունների ղեկավարների խորհուրդը,
    • Արտաքին գործերի նախարարների խորհուրդը,
    • Տնտեսական խորհուրդը,
    • Պաշտպանության նախարարների խորհուրդը,
    • Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը,
    • Միջխորհրդարանական վեհաժողովը,
    • Տնտեսական դատարանը:

    Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մշտական գործող  մարմին է հանդիսանում ԱՊՀ մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը: Համագործակցության մշտական գործող գործադիր, վարչական և համակարգող մարմիը ԱՊՀ Գործադիր կոմիտեն է, որի կենտրոնակայանը գտնվում է Մինսկ քաղաքում` մասնաճյուղը Մոսկվայում:

    1994 թվականի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ԱՊՀ-ին շնորհեց դիտորդի կարգավիճակ: Նման կարգավիճակ է շնորհվել Համագործակցությանը նաև ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովում (1994 թ. ապրիլի 19):

    ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է 82 մարմին, այդ թվում` ճյուղային համագործակցության 66 մարմին, որոնք կոչված են նպաստելու ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացմանը:

     

    Հայաստան - ԱՊՀ

    Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԱՊՀ հիմնադիր անդամ և ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցության տարբեր ծրագրերի նախապատրաստման և իրագործման ակտիվ մասնակից: Դա պայմանավորված է տնտեսական, հումանիտար, քաղաքական, ռազմաքաղաքական և այլ ոլորտներում պետության ունեցած շահերով: ՀՀ մասնակցում է ԱՊՀ բոլոր մարմինների գործունեությանը, բացառությամբ ԱՊՀ տնտեսական դատարանի:

     

    ԱՊՀ Զարգացման միտումներ

    2007 թ. հոկտեմբերի 5-ին Դուշանբեյում ԱՊՀ գագաթաժողովն ընդունեց Համագործակցության հետագա զարգացման հայեցակարգը և նրա իրագործմանն ուղղված հիմնական միջոցառումների ծրագիրը:

    2009 թ. նոյեմբերի 20-ին ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից Յալթայում հաստատվեցին ԱՊՀ մասնակից պետությունների երկարատև համագործակցության հիմնական ուղղությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև որոշում կայացվեց ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ միջոցառումների մասին` ուղղված համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարմանը:

    2010 թ. դեկտեմբերի 9-10-ին Մոսկվայում կայացան ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի և պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը:

    ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին քննարկվեցին 18 փաստաթղթերի նախագծեր` ուղղված միջպետական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը տնտեսության բնագավառում, ինչպես նաև հումանիտար և անվտանգության ապահովման ոլորտներում:

    2010 թվականի դեկտեմբերի 10-ին կայացավ ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհուրդի նիստը, որի ընթացքում տեղի ունեցավ կարծիքների փոխանակում ընթացակարգային հարցերի, ինչպես նաև ԱՊՀ հետագա ամրապնդման և ակտիվության բարձրացման արդիական խնդիրների վերաբերյալ: Նիստին քննարկվել և ընդունվել են որոշումներ ավելի քան 20 փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ, որոնք ուղղված են համագործակցության ակտիվացմանը տնտեսական և հումանիտար ոլորտներում, անվտանգության ապահովման և Համագործակցության գործունեության այլ ուղղություններով: