ArmenianRussianEnglish
  •  ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

    ODKB

    Ձևավորումը - Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թ. մայիսի 15-ին: Պայմանագրի համաձայն մասնակից պետությունները համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վերացնում են, իրենց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը:

    2002 թ. Պայմանագիրը փոխակերպվեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության, որի գործունեության հիմնական հարթություններն են. անդամ պետությունների արտաքին քաղաքականության համադրումը, ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը և ժամանակակից սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայումը:

    Անդամ երկրները - Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:

    Կառուցվածքը - ՀԱՊԿ մարմիններն են Հավաքական անվտանգության խորհուրդը (պետությունների ղեկավարների ձևավաչափ), ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդը, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրը, ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովը:

    Կազմակերպության հավաքական ուժերի և միջոցների` անդամ պետությունների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ պատրաստությունը ստուգելու նպատակով, պարբերական հիմքով անց են կացվում համապատասխան զորավարժություններ:

    2009 թ. փետրվարի 4-ին Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում որոշում կայացվեց` Կազմակերպության շրջանակներում օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու վերաբերյալ, որոնց նպատակը կլինի անդամ պետությունների հանդեպ ռազմական ագրեսիայի կասեցումը, միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության հետ պայքարի հատուկ գործողությունների անցկացումը, ինչպես նաև բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը:

     

     

    ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

    EvrAzES

    Ձևավորվումը - Եվրասիական Տնտեսական Ընկերակցության (ԵվրԱզԷՍ) մասին համաձայնագիրը ստորագրվել է 2000 թ. հոկտեմբերի 10-ին Աստանայում:

    Անդամ երկրները - Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը: Դիտորդ երկրներ են Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան: 

    Կառուցվածքը - ԵվրԱզԷՍ-ի կառավարման մարմիններն են` Միջպետական խորհուրդը, Ինտեգրացիոն կոմիտեն, Միջխորհրդարանական ասամբլեան և Ընկերակցության դատարանը:

    Հիմնական խնդիրներն են.

    • ամբողջ ծավալով ազատ առևտրի ռեժիմի ձևակերպման, միասնական մաքսային սակագների և ոչ սակագնային կարգավորման միասնական համակարգի ձևավորման եզրափակում,
    • ապրանքների և ծառայությունների առևտրի ընդհանուր կանոնների հաստատում` ապահովելով ապրանքների և ծառայությունների ազատ ելքը արտաքին շուկաներ,
    • արտարժութային կարգավորման և վերահսկման միասնականացված համակարգի ներդրում,
    • մաքսային կարգավորման ընդհանուր միասնականացված համակարգի ստեղծում,
    • սոցիալ-տնտեսական զարգացման համատեղ ծրագրերի մշակում և իրականացում,
    • արտադրության և ձեռնարկատիրական գործունեության համար հավասար պայմանների ստեղծում,
    • տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի և միասնական տրանսպորտային համակարգի ստեղծում,
    • էներգետիկ ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծում,
    • օտարերկրյա ներդրումների շուկա մուտք գործելու համար հավասար պայմանների ստեղծում,
    • ԵվրԱզԷՍ-ի անդամ երկրների տարածքում դրանց քաղաքացիներին կրթություն և բժշկական օգնություն ստանալու հավասար իրավունքների տրամադրում,
    • ազգային օրենսդրությունների մոտեցում և ներդաշնակեցում,
    • համագործակցության շրջանակներում ընդհանուր իրավական դաշտի ստեղծման նպատակով ԵվրԱզԷՍ-ի անդամ երկրների իրավական համակարգերի փոխգործունեության ապահովում: