ArmenianRussianEnglish
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇ

    flag

    Հայաստանի դրոշը կարմիր, կապույտ, նարնջագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է` լայնքի և երկայնքի 1:2 հարաբերակցությամբ: Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) դրոշի կրկնությունն է: Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, նարնջագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը:

     

     

     

     

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆ

    coat

     

    Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի` Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

    Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը` հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

    Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

     

     

     

  • ԱԶԳԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳԸ

    Հայաստանի ազգային օրհներգը՝ «Մեր Հայրենիքը», ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Հայաստանի առաջին հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխությունենրով։ Հիմնի տեքստը ադապտացված է Միքայել Նալբանդյանի կողմից գրված Իտալացի աղջկա երգը բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը։

     

    Մեր Հայրենիք, ազատ անկախ,
    Որ ապրել է դարեդար
    Իր որդիքը արդ կանչում է
    Ազատ, անկախ Հայաստան։

    Ահա եղբայր քեզ մի դրոշ,
    Որ իմ ձեռքով գործեցի,
    Գիշերները ես քուն չեղա,
    Արտասուքով լվացի։

    Նայիր նրան` երեք գույնով,
    Նվիրական մեկ նշան
    Թող փողփողի թշնամու դեմ
    Թող միշտ պանծա Հայաստան։

    Ամենայն տեղ մահը մի է
    Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
    Բայց երանի, որ յուր ազգի
    Ազատության կզոհվի:

     

  • ԱՐԱՐԱՏ

    AraratՀայաստանի համար մշտապես խորհդանշանական են եղել լեռները, իսկ համայն հայության համար առավել կարևոր խորհրդանիշը համարվում է Արարատը (Մասիսը): Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր սարն է (5165 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ - 4300 մ) ամենից բարձր սարը ողջ աշխարհում։ 4200 մետր բարձրությունից պատված է հավերժական ձյունով: Արարատի մասին առաջին գրավոր հիշատակումները դեռևս Ք.ա.  7-րդ դարից են (Աստվածաշունչ, Գիրք ծննդոց), որպես նոր կյանքի սկիզբ Արարատը նաև խորհրդանշում է մարդկության փրկությունն ու քրիստոնեական աշխարհը: Այսօր Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում, սակայն յուրաքանչյուր հայ այն համարում է իր էության մի մասը: Արարատը պատկերված էր Հայաստանի բոլոր երեք հանրապետությունների զինանշանների վրա:

     

     

  • ԱՐԱԳԱԾ

    AragatsԺամանակակից Հայաստանի Հանրապետության խորհրդանիշն է համարվում Արագածը, որը ՀՀ ամենաբարձր լեռն է, ունի 4090 մ բարձրություն: Արագածի լանջերին պահպանվել են հին մշակույթի, ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ակունքներին կանգնեցված և ջրի պաշտամունքը խորհրդանշող «վիշապ» կոչվող ձկնակերպ կոթողներ, միջնադարյան ճարտարապետության ուշագրավ կառույցներ (Ամբերդ, Բյուրական և այլն):

    Արագած լեռան հետ կապված են մի շարք առասպելներ: Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում, երբ Գրիգոր Լուսավորիչը բարձրանում է Արագած սարը աղոթելու համար, գիշերվա ընթացքում նրան լուսավորում է երկնքից իջնող անշեջ ջահը: Ըստ ավանդության այդ ջահն ամեն գիշեր վառվում է, սակայն այն կարող են տեսնել միայն լուսավորյալ մարդիկ: Արագածն ու Լուսավորչի ջահը պատկերված է նաև Գյումրու զինանշանի վրա:

     

  • ԽԱՉՔԱՐ

    XachkarՀայկական մշակույթի յուրօրինակ դրսևորումներից են խաչքարերը: Այն ուղղաձիգ տեղադրվող տափակ քարե սալ է, որի մի լայն կողմի վրա փորագրված կոմպոզիցիայի հիմնական տարրը խաչն է: Խաչի շուրջը հաճախ պատկերվում են՝ երկրաչափական զարդանշաններ (օրնամենտ), հավերժության նշաններ, բուսական և կենդանական աշխարհի պատկերներ, ինչպես նաև մարդիկ՝ հատկապես սրբերի պատկերներ: Խաչքարերը որպես կանոն տեղադրվում են վանքերի և եկեղեցիների մոտ, գերեզմաններում, ճանապարհների մոտ: Չնայած հեռվից նրանց պատկերը գրեթե միշտ սիմետրիկ է երևում, շատ դեպքերում մոտիկից կարելի է տեսնել, որ կողմերը իրարից տարբերվում են: Տարածված կարծիք է, որ խաչքարերը կողմնորոշվում են ըստ աշխարհի կողմերի:

    Ուղղաձիգ դիրքով առանձին կանգնեցված քարե հուշակոթողներից հնագույնները մենհիրներն են, որոնք բավականին մեծ քանակությամբ հանդիպում են Հայաստանում, դրանք ունեցել են պաշտամունքային նշանակություն: Նույն կարգի հուշարձաններ են նաև «վիշապ» կոչվող կերտվածքները: Սրանք իրենց վրա կրում են մշակման հետքեր՝ գաղափարագրերի և քանդակների ձևով, ունեն հսկա ձկան տեսք և կապվում են հայերի նախահայրերի մոտ տարածված ջրի աստվածուհու՝ Աստղիկ Դերկետոյի պաշտամունքի հետ: 

    Եթե վերոհիշյալները դեռևս ուղղակիորեն չեն առնչվում խաչքարերի հետ, ապա ուրարտական կոթողները (Ք.ա. 8-7-րդ դդ.), որոնք բաղկացած են պատվանդանից ու նրա վրա կանգնեցված ուղղաձիգ քառակողմ սյունից կամ սալից՝ սեպագիր արձանագրությամբ, կարող են դիտվել որպես խաչքարերի ծավալատարածական հորինվածքի նախօրինակներ: Այսպիսի կոթողները շարունակել են կիրառություն ունենալ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում: Նրանք տեղադրվել են ճանապարհներին, քաղաքներում՝ ամենատարբեր առիթներով: Դրանց մի մասը հասել է 4-5-րդ դդ.: 

    Միջնադարում սովորություն է եղել խաչքարերը ներկել կարմիր գույնով: Այն դեպքում, երբ քարերը շատ ծակոտիներ են ունեցել, դրանց մակերեսը նախապես կրաշաղախի բարակ շերտով ծեփում էին և ապա ներկում: Կարմիր գույնով ներկված են եղել Թալինի 8-10-րդ դարերի մի քանի խաչքարեր, Կողբի երկու որմնափակ խաչքարերը (12-13-րդ դդ.), Հովհաննավանքի գավիթի ներսում դրված մի շարք խաչքարեր, Հռիփսիմե տաճարի բակում դրված 16-17-րդ դարերի խաչքարերը և այլն: Հիմքեր կան կարծելու, որ երբեմն խաչքարերը ներկվել են բազմագույն ներկով. դրա ապացույցը Հաղպատավանքի Ամենափրկիչ խաչքարն է (1273 թ.), առայժմ միակն իր տեսակի մեջ:

     

  • ԱՐԵՎԱԽԱՉ

    Arevaxach

     

     

    Հին հայկական ավանդական խորհրդանիշերից մեկը սվաստիկայի առանձնահատուկ տեսակ հանդիսացող արևախաչն է, որը կոչվում է նաև կեռախաչ (կեռ խաչ), ճանկախաչ, խաչաթև, վահագնախաչ, պարույրախաչ, տիեզերախաչ, պատերազմախաչ (պատերազմի խաչ), հայկական սվաստիկա, հավերժության հայկական նշան: Հայաստանում արևախաչի ամենավաղ պատկերումները վերաբերվում է մարդկային մշակութային էվոլյուցիայի ժամանակաշրջանի նեոլիթին (Ք.ա. 7-5 հազարամյակներ): Արևախաչի գլխավոր իմաստն է Արևը, այդտեղից էլ լույսը, կյանքի շարժը, հավերժությունը, բարօրությունը, ուրախությունը և հաջողությունը: Հին Հայաստանում արևխաչը դրոշմում էին վահանների, կենցաղի իրերի, հագուստի, դրոշների և զինանշանների վրա, օգտագործվում էր տաճարների (սկզբում հեթանոսական, հետո նաև քրիստոնեական) և տների ձևավորման ընթացքում: Հաճախ արևախաչը կարելի է հանդիպել Հայկական լեռնաշխարհի քարերի վրա արած փորագրություններին: Համաձայն որոշ հետազոտողների, հայոց այբուբենի կեսը արևախաչի ձևափոխված տեսակներն են:

     

     

     

     

     

  • ՀԱՅՈՑ ԳԻՐ

    LiteratureՀայոց գիրը (Հայոց այբուբեն) հնչյունաբանական գրերի համակարգ է, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից  405 թվականին: Մեսրոպ Մաշտոցը, դժվարությամբ դարձի բերելով Գողթն գավառի հեթանոս ժողովրդին, հասկանում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները: Մաշտոցը հասկանում է, որ քրիստոնեության դիրքերը հնարավոր է ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի գոյությունը: Իր մտքերով նա կիսվում է Սահակ Պարթևի հետ, և պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես այդպես է կարծում: Նրանք գումարում են ընդհանրական ժողով, որը միահամուռ հավանություն է տալիս հայերենի այբուբեն ստեղծելու նրանց ծրագրին: Քաջալերելով նրանց ծրագիրը՝ Վռամշապուհ թագավորը ասում է, որ Դանիել անունով մի ասորի եպիսկոպոս «հանկարծ գտել է» հայոց լեզվի նշանագրերը, որոնք հայագիտության մեջ հայտնի են Դանիելյան գրեր անունով: Ոգևորված դրանով՝ Մաշտոցը սկսում է սովորեցնել այդ նշանագրերը հայոց իշխաններին, բայց շուտով պարզվում է, որ դրանք թերի են և չեն համապատասխանում հայերենի հարուստ հնչյունային համակարգին: Այդ պատճառով էլ նա ձեռնամուխ է լինում Հայոց գրերի ստեղծմանը:

    Վերցնելով մի խումբ աշակերտներ՝ Մաշտոցը մի մասին ուղարկում է այն ժամանակի հունական դպրության կենտրոններից մեկը՝ Սամոսատ, մյուսներին տանում է իր հետ՝ Եդեսիա: Եդեսիայի հարուստ դիվանատանը նա հետազոտում է տարբեր լեզուներով գրքեր, ուսումնասիրում է դրանց այբուբենները: Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը: Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը: Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից» առաջին հայերեն նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»): Մաշտոցի ստեղծած այբուբենն ուներ 36 տառ, իսկ այսօր դրանք ավելացվել են ևս երեքով:

     

  • ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

    MatenadaranԵրևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը:

    Մատենադարանը ստեղծվել է 1921 թ.՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն էր Հայաստանում: Նախապես այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ:

    Մատենադարանի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել 5-րդ դարից: Ըստ Ղազար Փարպեցու՝ Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հունարեն մատյաններ: 5-րդ դարի սկզբից Հայաստանում և հայաշատ վայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր (գրչագիր) մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների գրատներում ու մատենադարաններում:

    Միջնադարում ձեռագիր մատյաններին մշտապես սպառնացել է օտար նվաճողների ավարառության ու ոչնչացման վտանգը: Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ 1170 թ. սելջուկ-թուրքերը գրավել են Բաղաբերդ ամրոցը և կողոպտել Տաթևից ու շրջակա այլ վանքերից այնտեղ հավաքված շուրջ 10.000 ձեռագիր, իսկ Կիրակոս Գանձակեցին պատմում է, որ օտար նվաճողները 1242 թ. Կարին քաղաքի մատենադարանից հափշտակել են բազմաթիվ մատյաններ: 1298 թ. եգիպտական մամլուքների արշավանքների հետևանքով ավերվել է Կիլիկիայի մայրաքաղաք Սսի պետական գանձատունը: Վերջին անգամ Էջմիածնի մատենադարանն ավերվել է 1804 թ., որի մասին վկայություն ունի Ներսես Ե Աշտարակեցին:

    Հայոց ցեղասպանության տարիներին ոչնչացվել են Արևմտյան Հայաստանի ոչ միայն մշակութային կենտրոնները, այլև հազարավոր ձեռագիր մատյաններ: Հատկապես մեծ վնաս է կրել Կտուց Անապատը, որտեղ մինչև 1915 թվականը պահվում էր մոտ 500 կտոր ձեռագիր, սակայն միայն 202-ն է հաջողվել տեղափոխել Մատենադարան: Բազմաթիվ ձեռագրեր փրկվել են Եղեռնից մազապուրծ հայերի շնորհիվ: Այդուհանդերձ, Երևանի, Էջմիածնի և աշխարհի բազմաթիվ քաղաքների (Երուսաղեմ, Վենետիկ, Վիեննա, Նոր Ջուղա, Բեյրութ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Թբիլիսի, Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք, Լոս Անջելես և այլն) գրադարաններում ու թանգարաններում պահվում են շուրջ 31.000 հայերեն ձեռագրեր:

    1920-30-ականներին Մատենադարանի հավաքածուն համալրվում է Վասպուրականից և Տարոնից բերված, ԽՍՀՄ տարածքի հայկական վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունից ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինից, Թավրիզի առաջնորդարանից, Երևանի պետական թանգարանից և այլ վայրերից ստացված, ինչպես նաև զանազան անհատների նվիրած կամ վաճառած ձեռագրերով, որոնք ցուցակագրվել ու նկարագրվել են: 1939 թ. Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան՝ Հանրային գրադարան: 1945 թ. ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թ.: 1959 թ. Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենքը. արտաքուստ կիրառված են հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ ներսում՝ հիմնականում միջնադարյան ճարտարապետության ձևերն ու լուծումները: Գլխավոր ճակատի խորշերի միջնապատերի առջև Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի, Թորոս Ռոսլինի, Ֆրիկի, Գրիգոր Տաթևացու բազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը: 1962 թ. Մատենադարանը անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով: 

     

  • ԳԱՌՆՈՒ ՏԱՃԱՐ

    Garni

     

    Գառնու ամրոցը կառուցվել է  Ք.ա. 2-րդ դ., Ք.հ. 1-ին դարի կեսերին այն ավերել են հռոմեական զորքերը, իսկ Ք.հ. 70-ականներին Գառնին վերականգնել է Տրդատ 1-ին թագավորը: Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է ամրոցի վերակառուցման շրջանում (77 թ): Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցը, դրա համար էլ Գառնին կոչվել է նաև «Տրդատի հովանոց»: 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: Կործանվել է 1679 թ.-ի երկրաշարժի ժամանակ, վերականգնվել է 1976 թվականին: Հուշարձանը հանդիսանում է հայ ժողովրդի հեթանոսական շրջանի նյութական մշակույթի համաշխարհային արժեք ունեցող հոյակապ կոթողներից մեկը:

     

     

     

     

  • ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ

    EchmiadzinԷջմիածնի Մայր տաճարը՝ Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկն է, որի մի շարք լուծումներ հիմք հանդիսացան բազմաթիվ հայկական եկեղեցիների կառուցման համար։ Տաճարը կառուցվել է 4-րդ դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո` հեթանոսական տաճարի տեղում: Սկզբում Մայր տաճարը բազիլիկատիպ էր, սակայն մոտ 480 թ. իշխան Վասակ Մամիկոնյանն այն վերակառուցում է` նրան տալով խաչատիպ հատակագիծ և գմբեթավորելով 4 ազատ մույթերը։ 7-րդ դարում տաճարը վերակառուցվել է Կոմիտաս և Ներսես Գ կաթողիկոսների կողմից, 17-րդ դարում կառուցվել է զանգակատունը, 18-րդ դարում՝ թանգարանի մասը։ Մայր տաճարի շրջապատում են գտնվում մի շարք կրոնական-պատմական կառույցներ՝ «Տրդատ թագավորի դուռը», «Ղազարապատը», Հին և նոր վեհարանները, միաբանական «Երեմյան» շենքը։ Թանգարանում են պահպանվում հայկական եկեղեցական արվեստի բազմաթիվ գործեր, ձեռագրեր, ասեղնագործություններ և այլն։ Կա նաև հայկական հին դրամների, գորգերի, նկարների և այլ արժեքավոր նյութերի հավաքածու։

     

     

  • ԶՎԱՐԹՆՈՑԻ ՏԱՃԱՐ

    ZvartnotsԶվարթնոցը հայկական վաղ միջնադարյան ճարտարապետական հուշարձան է, որը 1989 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք` 643–652 թթ.: Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը, այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սբ. Գրիգոր, Առապարի Սբ. Գրիգոր անուններով: «Զվարթնոց» անվանումը հավանաբար առնչվում է նաև զվարթուն՝ հրեշտակ բառին: Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը: Ըստ Սեբեոսի՝ 301 թ. այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ 3-րդ արքան և Գրիգոր Լուսավորիչը: Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև 10-րդ դարը: 20-րդ դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով. պեղումներ կատարվել են 1901-07 թթ.: Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական և 4-5-րդ դարերի կառույցներ: Հայտնաբերված հնագույնը 0,63 մ x 2,7 մ չափերի կոթողն է (գտնվում է Զվարթնոցի թանգարանում) ուրարտական թագավոր Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությունը: Պեղումներով հայտնաբերվել են տաճարը, կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խցեր և այլն): Պահպանվել են տաճարի հատակը, տեղ-տեղ՝ ստորին որմնաշարը, սյուների խոյակները, խարիսխները, արևի քանդակազարդ ժամացույցը, խճանկարի, որմնանկարի և այլ մնացորդներ:

    Հայկական ճարտարապետությունը կրել է Զվարթնոցի ազդեցությունը. այն վաղ միջնադարյան հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումար է: Մեզ հասած հայկական ճարտարապետության կոթողներից զվարթնոցատիպ են Ներսես Գ Տայեցու կառուցած Իշխանի և Բանակի (7-րդ դար), Աղվանքում՝ Լյակիթի (7-րդ դար), Անիում՝ Գագկաշեն Սբ. Գրիգոր (11-րդ դար) եկեղեցիները: 

     

     

  • ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳ

    Carpet

    Հայոց մշակութային համակարգի կարևոր ու ավանդական բնագավառների թվում առանձնակի է գորգագործական մշակույթը: Պատմական Հայաստանի հնագույն բնակատեղիների պեղումներից հայտնաբերված գործվածքի ու դրա գործելու միջոցների նմուշները վկայում են, որ Հայկական լեռնաշխարհում գորգագործական մշակույթը հայտնի է եղել Ք.ա. 4-3-րդ հազարամյակներից: Հետագայում անընդհատ զարգանալով՝ միջնադարում (մասնավորապես 8-14-րդ դդ.) այն արդեն նկատելի տեղ էր զբաղեցնում հայոց տնտեսական գործունեության համակարգում: Դրա մասին վկայող գրավոր սկզբնաղբյուրներից պարզվում է նաև, որ այդ դարաշրջանում Հայաստանում գորգագործության հանրահայտ կենտրոնների համբավ են վայելել Բարձր Հայքը, Այրարատը, Սյունիքը, Արցախը, Վասպուրականը, որոնք, իբրև այդպիսիք էլ մնացին մինչև 20-րդ դ. սկզբները, իսկ Արցախն ու Սյունիքը մինչև օրս:

    Սկզբնաղբյուրներից պարզվում է նաև, որ Արաբական խալիֆայության ողջ տարածքում հայկական գորգը մեծ հեղինակություն վայելող մշակութային արժեք է եղել և համարվել է հարստության, հանրույթում անհատի ունեցած դիրքի կարևորության չափանիշ: Ժամանակակիցների վկայությամբ, այդ ամենը բացատրվում էր հայոց գորգերի գունային հարուստ երանգների ներդաշնակությամբ ու գեղազարդման մանրամասների ինքնատիպությամբ, հումքի լավագույն հատկություններով և գործման բարձր մակարդակով: Արաբական աղբյուրները վկայում են նաև, որ հայկական գորգերին մեծ հռչակ էին հաղորդում մանավանդ հանրահայտ «որդան կարմիր» ներկանյութից ստացված կարմրավուն երանգները: Հայոց գորգերին բնորոշող մի առանձնահատկությունն էլ հորինվածքների ու առանձին նախշերի ոճավորվածությունն է: Դրանք փաստորեն խորհրդանշաններ են, ու իմաստավորում են հայոց ավանդական, հնամենի ծիսապաշտամունքային պատկերացումների մի շարք՝ կապված կյանքի ու բնության հավերժության ու, առհասարակ, աշխարհընկալման համակարգի հետ:

    Գորգը՝ մեր ժամանակներում արդեն առօրեական դարձած այդ գունազարդ գործվածքը, իրականում հայոց պատմամշակութային ժառանգության մի կարևոր բաղադրամաս է, որի դերն ու նշանակությունր սակայն, առայժմ լիարժեքորեն ուսումնասիրված ու, մանավանդ, արժևորված չէ: 

  • ԴՈՒԴՈՒԿ

    DudukԴուդուկը կամ ծիրանափողը փողային երաժշտական գործիք է: Ըստ որոշ տվյալների դուդուկը գործածվում է Ք.ա. 1200 թվականից, իսկ ըստ որոշ տեսակետների այն 1500 տարվա պատմություն ունի: Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչև հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները: Հայկական դուդուկը պատրաստվում է բացառապես ծիրանենուց: Ծիրանենին ձայնն անդրադարձնելու յուրահատուկ հատկություն ունի: Դուդուկանման գործիքներն այլ երկրներում պատրաստում են այլ նյութերից (սալորենի, ընկուզենի), սակայն ըստ որոշ մասնագետների պնդման, նման դուդուկին բնորոշ է բավականին սուր, ռնգային ձայնը, մինչդեռ հայկական դուդուկը տարբերվում է մեղմ հնչողությամբ, որն ավելի շատ ձայնի է նման: Լեզվակը պատրաստվում է 2 կտոր եղեգից, որն աճում է Արաքս գետի ափին: Ի տարբերություն երկակի լեզվակ ունեցող այլ գործիքների՝ դուդուկի աղեղաձողը բավականին լայն է, որն էլ գործիքին հաղորդում է իր տխուր հնչողությունը: 1920-1930-ականներին հայկական դուդուկը բարելավվեց Վ․ Բունիի կողմից, ով, պահպանելով ժողովրդական գործիքի հիմնական ձևը, ստեղծեց տարբեր ռեգիստրերի 3 տիպի դուդուկ: Նրանցից վերջինը, որն ամենացածր, բարիտոնային ռեգիստր ուներ, իրեն ստեղծողի պատվին անվանվեց «բունիֆոն»: 

     

  • ԾԻՐԱՆ

    ApricotԾիրանը բնիկ Հայաստանի մրգերից է, որը դեպի Եվրոպա է տարածվել Հայաստանի միջոցով: Ենթադրվում է, որ ծիրանի հայրենիքը հյուսիս–արևելյան Հայաստանն է: Դեռևս Ք.ա. 3-րդ հազարամյակում աքքադացիներն այն կոչում էին «արմանու» («արմանական», այսինքն՝ «հայկական»), իսկ Հայաստանը` Արմանի («ծիրանի երկիր»): Միջագետքի հնագույն բնակիչներ արամեացիները (քաղդեացիները) ծիրանի ծառը կոչում էին «խազուրա արմենայա» («հայկական խնձորենի»): Արաբերենում ծիրանի անուններից մեկն է «թու‎ֆահ ալ արմանի», որը նշանակում է «հայկական խնձոր»:

    Ք.ա. 1-ին դարում հռոմեացի զորավար Լուկուլլոսը, վերադառնալով հայոց արքա Տիգրան Մեծի դեմ մղվող պատերազմից, Հայաստանից Հռոմ տարավ ծիրանենու տնկիներ, որոնք այնտեղ մշակվեցին և անվանվեցին «Հայկական սալոր»: 18-րդ դարի խոշորագույն բուսաբան Ժան Բատիստ Լամարկը նկատեց, որ դա ոչ թե սալոր է, այլ նոր ցեղի ներկայացուցիչ, և անվանեց այն Armeniaca Vulgaris:

    Ծիրանը և ծիրանի ծառը տեղ են գտել հայ նկարիչների բազմաթիվ նկարներում: Հայերենում լայնորեն գործածվում է ծիրանի բառը որպես գուներանգ: Հայ արքայական ընտանիքների անդամները կրում էին ծիրանի` համանուն երանգի թիկնոց: 

     

  • ՆՈՒՌ

    Pomegranet

     

     

    Հայաստանի խորհրդանիշերից մեկն է նաև նուռը: Նուռն աճում է հիմնականում Հարավային Եվրոպայում և Արևմտյան Ասիայում՝ մասնավորապես Հայկական լեռնաշխարհում: Նուռը խորհրդանշում է հարստություն և պտղաբերություն, քանի որ նռան ծառը ողջ տարին պատված է պտուղներով: Հայկական ճարտարապետության մեջ բազմաթիվ են նռան պատկերներով զարդանախշերը: Հայաստանում մեծ տարածում ունի նաև նռան գինին: 

  • ԽԱՂՈՂ

    Grape

     

     

    Հայաստանի խորհրդանշաններից մեկն է հանդիսանում նաև խաղողը: Խաղողի հայրենիքը Առաջավոր Ասիան է: Հայկական ճարտարապետության մեջ բազմաթիվ են խաղողի վազի և տերևների տեսքով զարդաքանդակները: Համաձայն Աստվածաշնչի` Նոյը, իջնելով Արարատ լեռան վրա կանգնած Տապանից, խաղողի վազ տնկեց, որի բերքից էլ ստացավ գինի: Հայաստանի կլիմայական պայմանները բարենպաստ պայմաններ էին ստեղծել Հայաստանի տարածքում խաղողագործությամբ զբաղվելու համար: Հայաստանում աճող խաղողը տարբերվում է շաքարի բարձր պարունակությամբ, որը անհրաժեշտ է բարձորակ գինի և կոնյակ պատրաստելու համար: