ArmenianRussianEnglish
  • Հայոց պատմություն

    Ք.ա. 3-րդ հազարամյակում և 2-րդ հազարամյակի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհում ապրում էին հարյուրավոր ցեղեր, որոնց մեծամասնությունը պատկանում էր հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Հնդեվրոպացիների նախահայրենիքն ընդգրկել է Փոքր Ասիայի արևելյան հատվածը, Հայկական լեռնաշխարհը և Իրանական սարահարթի հյուսիսարևմտյան շրջանները, սա շուրջ 400 հազար քկմ տարածքով կոչվում է Հայկական լեռնաշխարհ: 

    Ք.ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհում ձևավորվում է Բիայնիլիի թագավորություն, որը ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է Ուրարտու անվանումով: Երկիրը իր հզորության գագաթնակետին հասավ Արգիշտի 1-ինի օրոք (Ք.ա. 786-764), այդ շրջանում էլ հիմնադրվեց Էրեբունի քաղաքը՝ ժամանակակից Երևանը:  

    Ք.ա. 612 թ. Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի գրավումից հետո Պարույր Սկայորդին թագ ստացավ Մարաստանի թագավորից՝ դառնալով Հայաստանի առաջին թագավոր: Ք.ա. 570-200 թթ. Հայաստանում գահակալում էր Երվադունիների արքայատոհմը: Մինչև Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Առաջավոր Ասիայի նվաճումը Հայաստանը համարվում էր Աքեմենյան Պարսկաստանի կարևորագույն գործընկերը, վերջինիս անկումից հետո Հայաստանը կարողացավ պահպանել իր անկախությունը: Հելլենիզմի ժամանակաշրջանն իր հետքը թողեց նաև հայկական մշակույթի վրա:

    Ք.ա. 189 թ. Հայաստանում իշխանության եկավ Արտաշեսյանների արքայատոհմը: Դինաստիայի խոշորագույն ներկայացուցիչն էր Տիգրան Մեծը (Ք.ա. 95-55), ում գահակալության շրջանում Մեծ Հայքի տարածքն եռապատկվեց՝ հասնելով մոտ 1 մլն քկմ: Ժամանակաշրջանի առաջատար տերությունները հարկադրված էին հաշվի նստելու հայոց պետության հետ: Արտաշեսյանների գահակալման ժամանակահատվածում Հայաստանը դարձել էր կռվախնձոր Հռոմի և Պարթևստանի միջև:

    66 թվականին Մեծ Հայքի գահը նվաճեց Արշակունյաց դինաստիան: Տրդատ Մեծի օրոք՝ 301 թվականին Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որտեղ քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն: Հռոմի ու Պարսկաստանի երազանքն էր Հայաստանում իրենց գերիշխանություն հաստատել, արդյունքում 387 թվականին երկիրը բաժանվեց այս երկու տերությունների միջև: Իսկ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը համակարգեց հայոց այբուբենը, որը հայապահպանության համար կարևորագույն խթան հանդիսացավ: 

     

    428 թվականին Հայաստանը կորցրեց իր անկախությունը՝ ընկնելով Պարսկաստանի և Բյուզանդիայի տիրապետության տակ: 451 թ. հայ ժողովուրդը իր քրիստոնեական հավատքը պահպանելու համար սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ոտքի ելավ ընդդեմ Պարսկաստանի: 591 թվականին Հայաստանը բաժանվեց Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: 653 թ. Հայաստանը նվաճվեց արաբների կողմից, ստեղծվեց  Հայաստանի էմիրությունը, դրանով Հայաստանը վերամիավորվեց:

     

    885 թվականին Հայաստանը վերականգնեց իր անկախությունը՝ Բագրատունիների առաջնորդությամբ: 961 թ. հիմնադրվեց Անի մայրաքաղաքը, որը ժամանակին ուներ ավելին քան 100 հազար բնակչություն, իսկ բազմաթիվ քրիստոնեական եկեղեցիների առկայության պատճառով կոչվել է «հազար ու մի եկեղեցիների քաղաք»: 1045 թ. Բագրատունյաց Հայաստանը նվաճվեց Բյուզանդիայի կողմից, այնուհետև ընկած սելջուկ թուրքերի լծի տակ:

    1080 թ. Կիլիկիայում հիմնվեց հայկական իշխանություն՝ Ռուբինյանների գլխավորությամբ: 1198 թ. Լևոն 2-րդը թագադրվեց, հռչակվեց Կիլիկիայի հայկական թագավորությունը: Որը գոյություն է ունեցել այն շրջանում, երբ կաթոլիկ աշխարհը նախաձեռնում էր խաչակրաց արշավանքներ Տիրոջ գերեզմանն ու սուրբ հողերն ազատագրելու համար : 1226 թ. Կիլիկյան Հայաստանի գահն անցավ Հեթումյաններին, իսկ 1342 թվականից՝ Լուսինյաններին:  Հայկական թագավորությունը Կիլիկիայում պահպանվեց մինչև 1375 թվականը: 

    14-րդ դարի վերջերից Հայաստանը գտնվում էր տարբեր քոչվոր ցեղերի (ակ-կոյունլու, կարա-կոյունլու) լծի տակ, այս շրջանից սկսվում է ձևավորվել Հայկական սփյուռքը (Ղրիմում, Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում և այլուր): 16-17-րդ դարերում Հայաստանը դարձել էր կռվախնձոր Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև, 1555 և 1639 թվականներին Հայաստանը բաժանվեց այդ երկու տերությունների միջև: Այս ընթացքում հայկական ինքնության պահպանման հիմնական երաշխիքը քրիստոնեական հավատքն էր ու Հայ առաքելական եկեղեցին: 

    18-րդ դարում հայկական միջավայրում սկսում է տարածվել երկրի ազատագրման գաղափարները: Իրենց նախաձեռնություններով են հանդես գալիս Իսրայել Օրին, Հովսեփ Էմինը, Մովսես Սարաֆյանը, Հովսեփ Արղությանը, Շահամիր Շահամիրյանը, Մովսես Բաղրամյանը: Հայաստանի ազատագրման հույսը հիմնականում կապվում էր Ռուսաստանի հետ: 19-րդ դարի ռուս-պարսկական և ռուս թուրքական բամաթիվ պատերազմների արդյունքում Արևելյան Հայաստանի մի մասն անցավ Ռուսական կայսրության գերիշխանության տակ: 

    1878 թ. Բեռլինի կոնֆերանսի արդյունքում ձևավորվում է Հայկական հարցը, որը ենթադրում էր Հայաստանի ազատագրում կամ ինքնավարություն Օսմանյան կայսրության կազմում: Իսկ մեծ տերությունները Հայկական հարցն օգտագործում են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Հայաստանի ազատագրման նպատակով ձևավորվում են հայկական առաջին կուսակցությունները, որոնք էլ համակարգում են հայդուկների գործողությունները: 1914 թ. սկսվում է Առաջին աշխարհամարտը, որի ընթացքում Թուրքիան ձեռնամուխ է լինում հայերի ոչնչացման գործին՝ Հայոց ցեղասպանության իրագործմանը: 

    1917 թ. փետրվարին Ռուսաստանում տապալվում է ցարական իշխանությունը, իսկ հոկտեմբերին իշխանության են գալիս բոլշևիկները, որի արդյունքում Ռուսաստանը դուրս է գալիս պատերազմից: Մայիսյան հերոսամարտերից հետո՝ 1918 թ. մայիսի 28-ին հռչակվում է Հայաստանի առաջին հանրապետությունը: Քառյակ միությունն ու այդ թվում և Թուրքիան պարտվում է պատերազմում, 1920 թ. օգոստոսի 10-ին կնքվում է Սևրի պայմանագիրը, որով Հայաստանի տարածքը կազմելու էր 160 հազար քկմ:

     

    1920 թ. դեկտեմբերին Հայաստանում հաստատվում է խորհրդային իշխանություն՝ ձևավորվում է Հայաստանի երկրորդ հանրապետությունը: Խորհրդային Ռուսաստանը ոգևորված էր հեղափոխությունը ողջ աշխարհում տարածելու մտքով, իսկ Առաջավոր Ասիայում որպես գործընկեր տեսնում էր Քեմալական Թուրքիային: Ռուսաստանի պարտադրանքով Հայաստանից առանձնացվում է Արևմտյան Հայաստանը, իսկ Նախիջևանն ու Արցախը տրվում է Թուրքիայի հովանավորյալ Ադրբեջանին: Հայաստանին մնում է ընդամենը 29,8 հազար քկմ տարածք, իսկ 1922 թվականից Հայաստանը մտնում է ԽՍՀՄ կազմի մեջ: 

    1988 թ. սկսվում է Արցախի ազատագրման շարժումը, որի պահանջն էր վերամիավորել Հայաստանն ու Արցախը: 1991 թ. սեպտեմբերի 21-ին հռչակվում է Հայաստանի Հանրապետությունը, արդեն իսկ սեպտեմբերի 2-ին համաձայն միջազգային իրավունքի ազգերի ինքնորոշման սկզբունքի հռչակվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մինչև 1994 թ. Արցախը գրեթե ամբողջությամբ ազատագրվում է ադրբեջանական լծից: Այսօր Հայաստանն ու Արցախը կազմում են շուրջ 41,3 հազար քկմ: