ArmenianRussianEnglish

Սիրելի՛ հայրենակիցներ 

Հայաստանում առաջին անգամ հենց մեր քաղաքին է պատիվ վերապահվել դառնալու ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր գյումրեցիներիս ու ողջ հայությանը: Մեզ հնարավորություն է ընձեռված համայն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու մեր պատմությունը, մշակույթն ու արժեքները: Այս մեծ գործում չափազանց կարևոր է մեզանից յուրաքանչյուրի անձնական նախաձեռնությունը:

Հարգելի՛ գյումրեցիներ, տարբեր երկրներից Գյումրի են այցելելու բազմաթիվ հյուրեր, մեր պարտքն է ավանդապաշտ գյումրեցուն վայել պատվով ու փառքով ընդունել նրանց: Հանուն քաղաքի բարօրության եկե՛ք ավելի սրտացավ  լինենք մեր քաղաքի նկատմամբ, մաքու՛ր պահենք մեր շրջապատը, մասնակցե՛նք կազմակերպվող միջոցառումներին, լինե՛նք օրինապաշտ քաղաքացիներ: Մենք այսօր ստեղծում ենք Գյումրու նոր կերպարը, որը հիմնվում է գյումրեցիների նկատմամբ վստահության վրա, իսկ գյումրեցու ջերմությունն ու հյուրասիրությունը խթան կլինի այլ քաղաքների հետ հարաբերությունների խորացման, զբոսաշրջության զարգացման, ձեռնարկատիրական կապերի հաստատման ու բարեփոխումների իրականացման համար: Չէ՞ որ Գյումրին մեր տունն է, իսկ մեր տունը մենք ենք շենացնելու:

Գյումրու քաղաքապետ՝  Սամվել Բալասանյան